ԱՄՆ ռազմածովային ուժերը մոտ ժամանակներում զգալիորեն կուժեղացնեն Պարսից ծոցում ռազմական ներկայությունը։ Այս մասին գրում է The Los Angeles Times-ը: Ինչպես հայտարարել է ծովակալ Ջոնաթան Գրիներթը, ծովածոցում տեղակայված Հինգերորդ նավատորմը կուժեղացվի չորս ականապատ ռազմանավերով, նույնքան CH-53 Sea Stallion ուղղաթիռներով, որոնք կարողանում են հայտնաբերել ականները, ինչպես նաև ջրի տակ ականներ հայտնաբերող ռոբոտներով:
Սպասվում է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի լրացուցիչ ստորաբաժանումները ռազմական հերթապահություն կանեն Հորմուզի նեղուցի շրջանում: Այդ նեղուցով է շուկաներին հասնում աշխարհի նավթի 25 տոկոսը:
Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ կփակի այդ նեղուցը, եթե իր դեմ ուժ կիրառվի: ԱՄՆ–ը խոստացել էր թույլ չտալ նեղուցի փակվելը՝ նույնիսկ եթե դրա համար պահանջվի ռազմական ուժ կիրառել:









































