Իրանում ուժի ցանկացած կիրառում կհանգեցնի ողբերգական հետևանքների: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Աֆղանական Толо հեռուստաալիքի խնդրանքով, մեկնաբանելով Իսրայելի վարչապետի Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու նախաձեռնությունը, Լավրովն ընդգծել է, որ «դա մեծ սխալ կլինի»:
Լավրովը հիշեցրել է, որ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահը հստակորեն հայտարարել է քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտության մասին: «Դա իմաստալից մոտեցում է։ Ուժի ցանկացած կիրառում տարածաշրջանում կհանգեցնի ողբերգական հետևանքների»,- վստահեցնում է նախարարը:
Ինչ վերաբերում է Արևմտյան երկրների մտավախությանը, որ Իրանը կարող է մշակել միջուկային զենք, Լավրովը նշել է, որ «այդ հարցի վերաբերյալ տեղեկությունը հասանելի է բոլոր ցանկացողներին, և նրանք, ովքեր հետաքրքրվում են այդ հարցով, պետք է ծանոթանան այդ տեղեկությանը և իրենց եզրակացություններն անեն»:
«Իրանում աշխատում է ԱԷՄԳ-ը: Գործակալության փորձագետները և հատուկ սարքավորումներն Իրանում վերահսկում են բոլոր միջուկային օբյեկտները: ԱԷՄԳ-ը հայտնում է, որ այդ ծրագրում ռազմական բաղադրիչներ չկան»: Բացի այդ, «գործակալության մասնագետները դեռ հարցեր ունեն, որոնց իրանցիները պետք է պատասխանեն: Այդ պատասխանները կօգնեն հարյուրտոկոսանոց վստահությամբ ասել, որ իրանական միջուկային ծրագիրը միանգամայն խաղաղ բնույթ է կրում»,– ասել է Լավրովը։











































