Դիվանագետներն ասել են, որ Ֆրանսիան այսօր պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել Արևմուտքի կողմից կազմված հայտարարությունը, որով Արևմուտքն աջակցում է ՄԱԿ-ի հատուկ դեսպան Քոֆի Անանի խաղաղության ջանքերին Սիրիայում և ուղարկում է խիստ հաղորդագրություն Սիրիա` պահանջելով դադարեցնել ցուցարարների դեմ իրականացվող բռնությունները:
Reuters-ը հաղորդում է, որ 15 ազգերից բաղկացած խորհրդի կողմից «նախագահական հայտարարություն» կազմելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանն ու Չինաստանը կրկնակի անգամ վետո էին դրել ՄԱԿ-ի բանաձևերի վրա որոնց նպատակն էր դադարեցնել Սիրիայում արդեն մեկ տարի շարունակվող բռնությունները և ցուցարարների սպանությունները:
ՄԱԿ-ի դիվանագետն առանց իր անունը հայտնելու հաղորդել է, որ հիմնական նպատակն է համաձայնության գալ և աջակցել Անանի ջանքերին ու հստակ հայտնել Դամասկոսին Անվտանգության խորհրդի որոշումը: Ֆրանսիան պատրաստվում է այսօր ավելի ուշ նախագիծը ներկայացնել խորհրդի անդամներին։ Այն կքննարկվի փակ դռների հետևում իրականացվող հանդիպման ժամանակ, որի ընթացքում խորհուրդը պատրաստվում էր քննարկել Սիրիայի հետ կապ չունեցող հարցեր:









































