«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցությունից դուրս գալու մասին` ընդգծելով, որ այս պահին մտադիր չէ անդամակցել որևէ այլ քաղաքական ուժի:
«Հեռանալուս պատճառը համամասնական ցուցակն էր, բայց ոչ` անձնական խնդիրները, այլապես դուրս կգայի ոչ այսպես հրապարակայնորեն: Իմ` կուսակցության մեջ այսուհետ մնալն ուղղակի ինքնանպատակ կլիներ: Անհամաձայնությունները շատացել էին, և հեռանալս բաժակի վերջին կաթիլն էր: Ես ցավով եմ նշում, որ երեկվա իմ որոշումն այն բարակած թելն էր, որ կտրվեց:
Ճիշտ են ասում, որ կադրերը որոշում են ամեն ինչ: Տարիներ շարունակ Հայաստանն այս վիճակին հասցրած կադրային քաղաքականությունն այսօր էլ շարունակվում է: Ես միշտ գտել եմ, որ յուրաքանչյուր պայքար պետք է մինչև վերջ տանել: Ես սկզբունքային մարդ եմ, և հեռանալուս որոշումը դրա վկայությունն է:
Ես հեռանում եմ, որովհետև «Ժառանգության» ցուցակը ցուցակ չէ: Ոչ միայն այդ, այլև մյուս քաղաքական ուժերի ցուցակներում շատ են անհայտ երիտասարդները, մինչդեռ ցուցակներում պետք է ներգրավվեն հանրությանը հայտնի անձինք: ԱԺ-ն փորձադաշտ չէ, որ ում ասես` գործուղես այնտեղ:
«Ժառանգության» ցուցակն իսկապես անակնկալ էր ինձ համար, և դրա կազմման անտրամաբանությունը, վստահ եմ, նվազեցրեց «Ժառանգության» վարկանիշը: Ինձ համար անակնկալ էր նաև «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակը»,- ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ կուսակցության քարտուղարը քաղաքական ուժի երրորդ դեմքն է, և եթե իրեն ասում են՝ հեռացիր, ինքը հեռանում է:
Անդրադառնալով ժառանգական մյուս պատգամավորի` Լարիսա Ալավերդյանի` ընտրապայքարից հրաժարվելու փաստին`Հակոբյանը նշեց, որ չգիտի` ինչու է նա այդպես վարվել, սակայն կարծում է, որ նրա՝ նման որոշման վրա ևս ազդել է կուսակցության ցուցակի տրամաբանությունը:
«Նա խորհրդանշական քայլ է արել` առաջադրվելով համամասնական ցուցակի 41-րդ տեղում. ընդամենը որպեսզի ցույց տա, թե սատարում է «Ժառանգությանը»,- ասաց կուսակցության նախկին քարտուղարը` հավելելով, որ կուսակցության վարչության անդամներից շատերը մինչև երեկ անընդհատ փոփոխվող ցուցակի պատճառով չեն իմացել` կա՞ն արդյոք իրենք դրանում, թե՞ ոչ:
Ամփոփելով` Կարինե Հակոբյանը նշեց, որ կուսակցությունից դուրս գալուց հետո «շարունակելու է պայքարել»:









































