Կանադայի Լոնդոն քաղաքում (Օնտարիո մարզ) Սուրբ Պատրիկի տոնակատարության ժամանակ անակարգություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է BBC-ն, ոստիկանության տվյալներով՝ անկարգություններն սկսվել են այն բանից հետո, երբ տոնակատարությանը միացած մի քանի մասնավոր երեկույթներ դուրս են եկել վերահսկողությունից:
Անկարգության մասնակիցները կոտրել են խանութների ցուցափեղկերը, ոստիկանների վրա քարեր և շշեր նետել, այրել տեղի հեռուստաալիքներից մեկի մեքենան: Անկարգությունների հետևանքով ձերբակալվել է 11 մարդ:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ այդ ամենի արդյունքում հասցված վնասը գնահատվում է առնվազն 100 հազար դոլար:
Սուրբ Պատրիկն Իռլանդիայի հովանավորն է, այդ երկրի առաջին միսիոներներից մեկը: Ամեն տարի մարտի 17-ը պետական մակարդակով նշվում է Իռլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում, ինչպես նաև մի շարք կանադական մարզերում:








































