«Երբեք չեմ անդամագրվի որևէ կուսակցության: Ես արվեստագետ եմ և իմ գործի մեջ դեռ չեմ սպառվել: Ուրիշ հարց է, եթե ես ունեմ իմ ցանկությունները, կարող եմ ինձ համարել ոչ թե մտավորական, այլ մտահոգված արվեստի գործիչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը:
Նրա կարծիքով` մտավորականնները չպետք է քաղաքականության մեջ լինեն. «Մենք ընտրում ենք նախագահ, պատգամավոր, իսկ ժողովուրդը հեշտ կողմնորոշվելու համար ձեռքը մեկնում է մտավորականությանը: Երբ մտավորականությունը մտնում է քաղաքական դաշտ, ժողովուրդը կորցնում է հավատը նրանց հանդեպ: Ոչ մի քաղաքականացված մտավորականի ժողովուրդը չի հավատա»:
Խոսելով Շուշան Պետրոսյանի ՀՀԿ պատգամավոր առաջադրվելու մասին՝ նա նշեց, որ նրա այդ քայլին նորմալ է վերաբերվում. «Դա Շուշան Պետրոսյանի ընտրությունն է: Նա արվեստի գործիչ է և միգուցե ԱԺ-ում շատ լավ տանի իր աշխատանքը: Ես նրան միայն հաջողություն եմ մաղթում»:
Վերջում արվեստագետը հավելեց, որ ինքն ունի ընդամենը մեկ կուսակցություն. «Ժողովուրդը»:
Լուսանկարը՝ Bravo.am-ի









































