Մարդու իրավունքների աֆղանական անկախ հանձնաժողովը Բաց հասարակության ինստիտուտի (Open Society Foundation) աջակցությամբ կիրակի օրը ներկայացրել է 67 էջանոց զեկույց, որում նշվում է Աֆղանստանի ազգային անվտանգության գլխավոր վարչության և ՆԳՆ մեկուսարաններում ձերբակալվածների հանդեպ կիրառվող խոշտանգումների մասին։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Հետազոտություններն անցկացվել են 2011 թվականի փետրվարից 2012 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում:
Հանձնաժողովի տվյալներով՝ ԱԱ գլխավոր վարչության 9 մեկուսարաններում և ՆԳՆ մի շարք համանման հաստատություններում ձերբակալվածներից «անհրաժեշտ» ցուցմունքներ ստանալու համար նրանց կանոնավոր ենթարկում են խոշտանգումների: Մասնավորապես, իրավապաշտպանները նշում են, որ ձերբակալվածները ենթարկվում են ծեծի, սեռական և այլ բռնությունների:
Իրավապաշտպաններն աֆղանական կառավարությանը կոչ են արել զբաղեցրած պաշտոնից ազատել այն հաստատությունների ղեկավարներին, որոնցում ձերբակալվածները խոշտանգումների են ենթարկվել:
Հանձնաժողովն աֆղանական կառավարությանը մի շարք առաջարկություններ է արել` մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Մասնավորապես, առաջարկել է ձերբակալվածների ընտանիքներին 24 ժամվա ընթացքում տեղյակ պահել նրանց դեմ առաջ քաշված մեղադրանքների մասին, ինչպես նաև պայմաններ ստեղծել ձերբակալվածների և նրանց հարազատների կանոնավոր հանդիպումների համար:









































