Փարիզը մի քանի ժամ հետո կդիմի Մավրիտանիային՝ խնդրելով իրեն հանձնել Լիբիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Աս-Սենուսսիին: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը:
Հիշեցնենք, որ Մավրիտանիայի իրավապահ մարմինները Նուակշոտի օդանավակայանում շաբաթ գիշերը ձերբակալել էին Լիբիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Աբդուլլահ Աս-Սենուսսիին, որը Մավրիտանիա էր ժամանել Մարոկկոյից և ուներ մալիական կեղծ անձնագիր:
«Այս ձերբակալությունը մավրիտանական և ֆրանսիական իշխանությունների միասնական ջանքերի արդյունք է»,- ասվում է Ֆրանսիայի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ Աս-Սենուսսի հանդեպ միջազգային հետախուզում էր հայտարարված նրա կողմից կատարված ահաբեկչության պատճառով. 1989թ. իրականացված ահաբեկչության հետևանքով ինքնաթիռի պայթյունից զոհվել էր 170 մարդ, ընդ որում՝ 25 ֆրանսիացի:
Հաագայի միջազգային քրեական դատարանր Աս-Սենուսսին մեղադրում է Մուամար Քադաֆիի իշխանության օրոք մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ:









































