Հարավարևելյան Ասիայում գտնվող Արևելյան Թիմորի Ժողովրդավարական Հանրապետության քաղաքացիներն այսօր որոշում են, թե ով կլինի իրենց նոր նախագահը:
Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, այս նախագահական ընտրություններին, որոնք երրորդն են երկրի պատմության մեջ, մասնակցում են ավելի քան 10 թեկնածուներ: Նախագահի պաշտոնում գլխավոր հավակնորդը գործող նախագահ 62-ամյա Ժոզե Ռամուշ-Օրտան է:
ՄԱԿ-ի ծրագրի համաձայն` եթե նախագահական ընտրությունները հանգիստ և առանց միջադեպերի անցնեն, ոստիկանների միջազգային կոնտինգենտը մինչև տարեվերջ դուրս կգա երկրից:
Արտասահմանյան դիտորդները նշում են, որ նախընտրական քարոզարշավն անցել է այդ երկրի համար անբնական հանգիստ մթնոլորտում, բռնության դեպքեր չեն գրանցվել:
Արևելյան Թիմորն անկախացել է 2002թ. մայիսի 20-ին: 20-րդ դարի առաջին կեսին այդ երկիրը գտնվում էր Պորտուգալիայի կառավարման տակ: 1975թ. նա դարձավ Ինդոնեզիայի մի մասը: 1999թ. Արևելյան Թիմորը անկախության հանրաքվեից հետո փոխանցվեց ՄԱԿ-ի կառավարմանը:









































