Լեդի Գագան հայտարարել է, որ մոտ ժամանակներս հրաժարվելու է լրագրողներին հարցազրույցներ տալ և առհասարակ չի շփվելու լրատվամիջոցների հետ:
Երգչուհու հարցազրույցն Օփրա Ուինֆրիի հետ կլինի վերջինը:
Հարցազրույցը, որը ձայնագրվել է Նյու Յորքում, կներկայացվի հեռուստադիտողներին կիրակի օրը` մարտի 18-ին՝ Oprah’s Next Chapter հաղորդման ժամանակ։ Նրանում մասնակցություն է ունեցել երգչուհու մայրը` Սինտիա Ջերմանոտտան: Լեդի Գագայի խոսքերով` Օփրա Ուինֆրիի հետ զրույցից հետո ինքն այլևս ոչինչ չունի լրագրողների հետ խոսելու, այդ պատճառով երկար ժամանակով նրանց հետ իր շփումը կդադարեցնի։
Լեդի Գագան 2011թվականին թողարկել է իր երկրորդ ստուդիական ձայնասկավառակը: Այն ստացել է Born This Way անվանումը: Ապրիլի վերջին երգչուհին կմեկնի լայնամասշտաբ համերգային շրջագայության: Ներկա դրությամբ հայտնի են նրա 30 համերգների օրերը Ասիայում, Նոր Զելանդիայում և Ավստրալիայում: Հետագայում հայտնի կդառնան նաև մյուս համերգների օրերը: Շրջագայությունը կտևի մինչև 2013 թվականը:











































