Մարտի 16-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի հանդիպումը, ով պաշտոնական այցելությամբ ժամանալ էր Երևան:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԳՆ մամլո գրասենյակից:
Ողջունելով իր գերմանացի գործընկերոջը՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց.
«Ինձ համար շատ հաճելի է հյուրընկալել Ձեզ Հայաստանում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի հոբելյանական տարում:
Այս քսան տարիների ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել իրական բարեկամական հարաբերություններ՝ հաստատել բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձևավորել լայն իրավապայմանագրային դաշտ, զարգացնել և ընդլայնել առևտրատնտեսական կապերը, իրականացնել զարգացման ու ներդրումային ծրագրեր, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցություն, ակտիվացնել գիտակրթական և մշակութային կապերը»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գիդո Վեստերվելեն ընդգծեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարում կարելի է արձանագրել, որ երկու երկրների համագործակցությունը զարգացել և ամրապնդվել է և այսօր առկա է դրա առավել ընդլայնման բոլոր նախադրյալները:
Էդվարդ Նալբանդյանն ու Գիդո Վեստերվելեն քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ. անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:
Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին՝ գոհունակություն հայտնելով այդ ոլորտում արձանագրված առաջընթացի կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այս առումով նախարար Վեստերվելեն Գերմանիայի աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահության կողմից ձեռնարկվող ջանքերին՝ ընդգծելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները հանգամանալից անդրադարձ են կատարել Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, մտքեր փոխանակել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանն առնչվող խնդիրների շուրջ:
Բանակցությունների օրակարգում էին Աֆղանստանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերն ու այդ գործընթացում Գերմանիայի և Հայաստանի ներդրումը:
Գերմանիայի արտգործնախարարը ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը, ինչի կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ լուծումներ և համաձայնություններ կգտնվեն բանակցությունների միջոցով՝ միջազգային հանրության և Իրանի համատեղ ջանքերով:








































