ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը դատախազությանը հանձնարարելու է ստուգել բնապահպան Սուրեն Ղազարյանի գործի համապատասխանությունը օրենքին: Այս մասին հայտնել է նախագահական Խորհրդի քաղաքացիական հասարակության մարդու իրավունքների զարգացման հարցերով ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը:
«Ղազարյանի մասին Խորհրդում բազմիցս խոսվել է, և նախագահն ասել է, որ ինքը դատախազությանը կհանձնարարի այս գործն ուսումնասիրել ամենայն մանրամասնությամբ»,- ասել է Ֆեդոտովը:
Հիշեցնենք, որ 2011 թ. նոյեմբերին «Հյուսիսային Կովկասի էկոլոգիական հերթափոխի» ակտիվիստներ Սուրեն Ղազարյանը և Եվգենի Վիտիշկոն անց էին կացրել ակցիա՝ ի պաշտպանություն սևծովյան ծովափի:
Բնապահպանները պնդում էին, որ Տուապսեի շրջանում Սև ծովի մերձակայքում իշխանություններն անօրինական ցանկապատել են յոթ հեկտար տարածք: Բնապահպանները ցանկապատների վրա գրել էին. «Սա մեր անտառն է», «Սա մեր հողն է»: Նրանց դեմ հարուցվել էր քրեական գործ՝ խուլիգանական միտումներով ունեցվածքին վնաս հասցնելու մեղադրանքով: Բնապահպաններին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում:
Չորեքշաբթի օրը դատարանը ձերբակալել էր Ղազարյանին՝ տասը օրով:









































