Հայաստանի կառավարությունը որոշել է 24 միլիոն դրամ պարգևավճար տալ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներին: Այդ որոշումն ուշագրավ է նրանով, որ կայացվել է ՏՄՊՊՀ ուշագրավ որոշումից անմիջապես հետո:
Խոսքն այն մասին է, որ հանձնաժողովն օրերս ավարտեց իր վարույթը բենզինի և դիզվառելիքի շուկայում, և 100 միլիոն դրամ տուգանք սահմանեց «Քաղպետրոլսերվիս» ընկերության համար, ընկերությանը մեղադրելով բենզինի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու, բենզինի շուկայի մանրածախ վաճառքով զբաղվող փոքր ընկերություններին գնային ճնշման ենթարկելու, սնանկացնելու և նրանց խժռելու համար: Եվ ահա այդ որոշումից հետո, կառավարությունը որոշում է 24 միլիոն դրամ պարգևավճար հատկացնել ՏՄՊՊՀ յոթը անդամների: Կառավարության այդ որոշումը հուշում է, թե ինչ կարևոր է եղել ՏՄՊՊՀ որոշումը իշխանության համար:
Թե որքանով է կարևոր որոշումը՝ մնում է գուշակել, բայց որ այն իսկապես ուշագրավ է, կարծես թե ակնառու փաստ է: Բանն այն է, որ «Քաղպետրոլսերվիս» ընկերությունն ինքնին բավական խորհրդավոր ընկերություն է: Խորհրդավոր իհարկե այն իմաստով, որ այդ ընկերությունը նշանակալի՝ մոտ 47 տոկոս զբաղեցնելով Հայաստանի բենզինի և դիզվառելիքի ներկրման ու վաճառքի շուկայում, իր գործունեության ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում չի ասոցացվել որևէ աղմկոտ անձի, իշխանական որևէ կլանի կամ խմբի հետ, չի վերագրվել առաջին որևէ դեմքի կամ օլիգարխի: Միևնույն ժամանակ, Հայաստանի իրականությունը հաշվի առնելով, հաշվի առնելով տնտեսության քրեաօլիգարխիկ բնույթը, հստակ քվոտավորվածությունը, կլանայնությունը՝ աներևակայելի է հավատալ, որ աղմկոտ որևէ տանիք, ազդեցիկ որևէ հովանավոր չունեցող ընկերությունը կարող է շուկայում, այն էլ այնպիսի կարևոր և «հարուստ» շուկայում, որպիսին բենզինի և դիզելային վառելիքի շուկան է, հասնել գերիշխող դիրքի և վերցնել շուկայի գրեթե կեսը: Հայաստանում նույնիսկ երեխաները չեն հավատա, որ հնարավոր է այդպիսի բան: Եվ անգամ դժվար է երևակայել, որ այդպիսի բան հնարավոր է թեկուզ ոչ կարևոր, շատ ավելի համեստ ոլորտում: Բայց, փաստն այն է, որ «Քաղպետրոլսերվիսը» այս տարիների ընթացքում շուկայում այդքան առաջ է գնացել, միևնույն ժամանակ էլ զերծ մնացել «օդիոզ» ասոցիացիաներից:
Սակայն, տուգանքի պատմությունից հետո մամուլում որոշակի տեղեկություններ հայտնվեցին, իհարկե ոչ պաշտոնապես, այլ տարբեր աղբյուրներին արված հղումներով: Մասնավորապես, տեղեկություն հրապարակվեց, որ «Քաղպետրոլսերվիսի» սեփականատերը բավական սերտ կապեր ունի ռուսական շրջանակների հետ, ընդ որում՝ ոչ միայն ռուսական տնտեսական շրջանակների, այլ Ռուսաստանի հատուկ ծառայությունների, և նույնիսկ հանդիսանում է այդ ծառայությունների պաշտոնաթող գեներալ: Սա իսկապես հետաքրքրական տեղեկություն է, և թեև պաշտոնապես չհաստատված, այդուհանդերձ տրամաբանությանը բավական մոտ: Ի վերջո, եթե ընկերությունը Հայաստանում հասել է բիզնես գագաթների կարևորագույն և գրեթե ռազմավարական նշանակության վառելիքային ոլորտում, բայց չի կապվում Հայաստանի որևէ բարձրագոչ անվան հետ, ուրեմն տրամաբանական է, որ հովանավորները կարող էին լինել Մոսկվայից, որովհետև Հայաստանի տնտեսության մեջ այդպիսի ազդեցություն մեկ էլ կարող է ունենալ Ռուսաստանը: Դա զուտ հիպոթետիկ իմաստով:
Բայց, այդ դեպքում հարց է առաջանում, թե արդյոք Հայաստանի իշխանությունը կարող էր իրեն թույլ տալ այդպիսի խոշոր, գրեթե աննախադեպ ծավալի տուգանք թույլ տալ Ռուսաստանի հովանավորյալ բիզնեսի հանդեպ: Չէ՞ որ այդպիսի դեպքերում Ռուսաստանի արձագանքը բավական կոշտ կարող է լինել, այն էլ՝ նախընտրական շրջանում, երբ իշխանությունը սովորաբար զգուշավոր է թե՛ ազդեցիկ արտաքին մայրաքաղաքների, թե՛ նաև ներքին խոշոր բիզնեսի հետ հարաբերություններում: Դա թերևս նշանակում է, որ Հայաստանի իշխանությունն ունի առավել ազդեցիկ հովանավոր, քան «Քաղպետրոլսերվիսի» ենթադրյալ ռուսաստանյան հովանավորները: Մյուս կողմից սակայն, ամենևին չի բացառվում, որ խոսքն այնպիսի հովանու մասին չէ, որի դեմ Հայաստանի իշխանությունը լինի անզոր: Սակայն, մյուս կողմից էլ, եթե խոսքը չլիներ շատ ուժեղ հովանավորի մասին, հազիվ թե այդ ընկերությունը կարողանար առանց հայաստանյան բարձրագույն շրջանակների տանիքի, նշանակալի դիրքերի հասնել կարևոր բիզնես-ոլորտում:
Ըստ ամենայնի գործ ունենք բավական ուշագրավ մի պատմության հետ, որի շուրջ զարգացումներ դեռ կարող են լինել: Այդ ժամանակ, իհարկե, առավել կհստակվի տվյալ գործընթացի սահմանն, ու պարզ կլինի, թե ինչի ականատես ենք մենք դառնում՝ Հայաստանում տեղի ունեցող գլոբալ կապիտալ վերափոխումների՞, թե՞ ընդամենը ներտնտեսական վերաբաշխումների: Ի վերջո, պետք էլ չէ բացառել այդ հանգամանքը, այսինքն՝ ամենևին չգնալ ռուսական հետքերով: Հայաստանում կապիտալի թավշյա վերաբախշման գործընթացը նոր չէ, այն տեղի է ունենում 2008 թվականից սկսած, և ներիշխանական ստատուս քվոյի թե՛ ֆիզիկական, թե՛ բովանդակային փոփոխության հետ մեկտեղ, փոփոխության է ենթարկվում նաև կապիտալի վերաբաշխման թավշյա գործընթացը: Բայց հարկ է նկատել նաև, որ մեկը մյուսին չեն բացառում, և անգամ այդ գործընթացի շրջանակում կարող է լինել արտաքին հետք կամ արտաքին ազդեցություն՝ թեկուզ ոչ ուղղակի, այլ նաև քաղաքական ընդհանրական պրոցեսների մեջ ներգրավվածության համատեքստում:
Ամեն դեպքում, Հայաստանի կառավարության բավական տոնական արձագանքը՝ 24 միլիոն պարգևավճար ՏՄՊՊՀ հանձնաժողովին, հուշում է, որ սահմանված տուգանքը իշխանության համար ունի էական, նույնիսկ գուցե վճռորոշ նշանակություն թե՛ զուտ ուժերի դասավորության, կապիտալի վերաբաշխման, թե՛ նաև գուցե հոգեբանական առումով, ինչի համար էլ իշխանությունը պարգևավճարի հնչեղ որոշմամբ փորձ է անում ընդգծել իր հաղթանակը: Հարցն այն է, թե ինչ հաղթանակ է այն և ում նկատմամբ է այն կայացվում, ու որ խաղակեսում:








































