News Georgia-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը կախված է ոչ միայն տեխնիկական հարցերի լուծումից, այլև՝ միջազգային արենայում «իրավիճակի հասունացումից»: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն.
«Մայիսին Չիկագոյում կայանալու է ՆԱՏՕ-ի համաժողովը: Մենք սպասում ենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ ալյանսի հստակ բացատրությանը: ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը միայն տեխնիկական և չափորոշիչներին համապատասխանելու հարց չէ:
Վրաստանը ներկայիս դրությամբ ավելի շատ է համապատասխանում ՆԱՏՕ-ի չափորոշիչներին, քան ոչ վաղ անցյալում նրան անդամակցած մի շարք երկրներ: Սակայն դա ոչ միայն տեխնիկական, այլև՝ քաղաքական ու աշխարհաքաղաքական հարց է: Հետևաբար ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության համար անհրաժեշտ է, որ միջազգային արենայում հասունանա իրավիճակը: Վրաստանը շարունակելու է ընթանալ բարեփոխումների ճանապարհով»:









































