Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ նոր տեղեկատվություն է հայտնվել մոտ մեկ շաբաթ առաջ Սիրիայում անհետացած երկու թուրք լրագրողների վերաբերյալ: Խոսքը Gerçek Hayat (Իրական կյանք) ամսագրի մերձավորարևելյան ներկայացուցիչ Ադեմ Օզքյոսեի և օպերատոր Համիթ Ջոշքունի մասին է:
Նշվում է, որ նրանք հանձնվել են Սիրիայի հատուկ ծառայություններին և ներկայիս դրությամբ գտնվում են նրանց ձեռքում: Նրանցից մեկը՝ Համիթ Ջոշքունը, վիրավոր է:
Օրեր առաջ նրանք Հաթայ նահանգից ներթափանցել էին Սիրիա՝ այդ երկրում ընթացող զարգացումների վերաբերյալ վավերագրական ֆիլմ նկարահանելու համար: Վերջին անգամ նրանցից տեղեկատվություն էր ստացվել 5 օր առաջ, երբ նրանք մեկնում էին սիրիական Իդլիբ քաղաք, որը վերջին օրերին հայտնվել է սիրիական բանակի վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք անում են ամեն ինչ՝ Սիրիայում անհետացած լրագրողներին հայտնաբերելու ուղղությամբ: Դավութօղլուն նաև հայտարարել էր, որ պետք է Ասադին համոզել, որ նա լքի իր զբաղեցրած պոստը:









































