ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները Սիրիայի հարցում աստիճանաբար մոտենում են, և դա ուժեղացնում է միջազգային ճնշումը Սիրիայի նախագահի վրա:
«Մեր միջև պահպանվում են որոշակի մարտավարական տարաձայնությունները՝ կապված Սիրիայում բռնությանը վերջ դնելու հարցի հետ, բայց մենք ցանակնում ենք դրանք նվազեցնել»,- ասել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, նրա կարծիքով՝ 5 կետից բաղկացած Սիրիայի կարգավորման ծրագիրը, որը համաձայնեցվել է Արաբական պետությունների լիգայի և Ռուսաստանի կողմից, «դրական փոփոխություններ» է ցուցաբերում Ռուսաստանի դիրքորոշման մեջ: «Որոշ տարաձայնություններ սկսել են անհետանալ»,- ասել է նա:
«Այժմ կարելի է լսել միանգամայն հստակ հրապարակային հայտարարություններ և՛ Ռուսաստանի, և՛ Չինաստանի կողմից առ այն, որ իրենք շահագրգռված չեն պաշտպանել Ասադին, որ իրենց չի հետաքրքրում ոչ այլ ինչ, քան բռնության դադարեցումը,- ասել է դիվանագետը՝ ավելացնելով,- մենք առայժմ չենք հասել այդ նպատակին, բայց շարունակում ենք աշխատել և տեսնում ենք, որ մեր դիրքորոշումները գնալով ավելի են համընկնում»:
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս «բռնությունը դադարեցնելու և քաղաքական երկխոսություն սկսելու օգտին»՝ հույս հայտնելով որ հարցի կարգավորմանը կօգնի ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի առաքելությունը:









































