Երեքշաբթի՝ մարտի 13-ին, կյանքի 73-րդ տարում Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Վալանսիեն քաղաքում մահացել է ֆրանսիացի փայուն դերասան Միշել Դյուշոսուան: Այս մասին հայտնում է ITAR-TASS գործակալությունը:
Միշել Դյուշոսուան ավելի շատ հայտնի է «երկրորդ պլանի» իր դերերով: Հենց այդ դերերից մեկի համար է նա 1991 թ. ներկայացվել «Սեզար» մրցանակի և երեք անգամ արժանացել է Ֆրանսիայի թատերական բարձրագույն «Մոլիեր» մրցանակին (1993, 1996 և 2003 թթ.):
Դյուշոսուան իր դերասանական կարիերան սկսել է 1964 թ. հայտնի «Կոմեդի Ֆրանսեզում», որից հեռացավ միայն երկու տասնամյակի պտղաբեր աշխատանքից հետո:
Կինոյում նա համագործակցել է Կլոդ Լելուշի, Լյուկ Բեսոնի, Կոնստանտին Գավրասի և 20-րդ դարի այլ հայտնի ռեժիսորների հետ: Նա նկարահանվել է ավելի քան 100 կինոնկարներում:
Միշել Դյուշոսուայի վերջին աշխատանքը կինոյում Լորան Տիրարայի «Աստերիքսը՝ նորին մեծության մոտ ծառայելիս» ֆիլմն է, որը էկրան կբարձրանա այս տարվա հոկտեմբերին:









































