Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ հետաձգվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը:
Ամբաստանյալ Արմեն Պողոսյանը, որի միջնորդությամբ նախորդ դատական նիստը հետաձգվել էր պաշտպանին փոխելու համար, այսօր մտափոխվել էր: Այսօրվա նիստում ամբաստանյալը դատարանին հայտնեց, որ չի ցանկանում իր պաշտպանին փոխարինել փաստաբան Հայկ Ալումյանով, այնպես որ, Արմեն Պողոսյանին դատարանում կշարունակի պաշտպանել Արայիկ Ալվանդյանը: Սակայն Ալվանդյանն էլ իր հերթին դատարանին միջնորդություն ներկայացրեց իրեն մեկ աշխատանքային օր տրամադրելու` դիրքորոշումները վերջնականապես հստակեցնելու համար:
Ամբաստանյալ Վահան Խանզադյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը և Հովհաննես Թամամյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանը չառարկեցին միջնորդությանը, իսկ դատախազ Հարություն Հարությունյանը, չառարկելով հանդերձ, հիշեցրեց, որ իրականում դատարանի դահլիճում այսօր որևէ նոր հայտարարություն չէր արվել, և պաշտպանը քրեական գործի նյութերին լիովին ծանոթ է:
Դատախազը նաև միջնորդեց դատարանին՝ քրեական գործի նյութերին կցել այս ընթացքում Թամամյանի գործին առնչվող ևս երկու այլ դատարաններում քննված գործերով կայացված վճիռները:
Դատավոր Արտակ Վարդանյանը, կողմերի համաձայնությամբ, որոշեց հետաձգել դատական նիստը մինչև մարտի 15-ը՝ ժամը 15.30-ը:
Նշենք, որ դատական այս աղմկահարույց գործով այսօր դատարանում էին ամբաստանյալներ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վահան Խանզադյանը, ինչպես նաև վկաներ Կարինե Շահինյանը, Արմեն Երիցյանը և Կարինե Հակոբյանը: Հիշեցնենք, որ ամբաստանյալների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատական նիստն արդեն 3-րդ անգամ հետաձգվեց: Հովհաննես Թամամյանը անազատության մեջ է 2011 թ. մարտի 24-ից և ներկայումս գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Թամամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Վ. Խանզադյանին և Ա. Պողոսյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:









































