«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը` կանադահայ բարերարներ Վրեժ և Իմաստուհի Նիկողոսյանների հովանավորությամբ, մեկնարկել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ծննդատան հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը: Ծրագրի շրջանակներում հիմնովին կվերանորոգվի հիվանդանոցի երկրորդ հարկում տեղակայված ծնարանային-հետծննդյան բաժանմունքը: Հիշեցնենք, որ 2010 թվականին բարերար ընտանիքի աջակցությամբ արդեն բարեկարգվել է ծնարանային-վիրահատական բաժանմունքը, և ներկայումս իրականացվող աշխատանքների ավարտին հիվանդանոցի ծնարանային հատվածում հիվանդները կսպասարկվեն արդիական պայմաններում:
Եռահարկ բուժհաստատությունը 1986 թվականից սպասարկում է Աբովյան քաղաքի ու մերձակա 20 գյուղական համայնքների բնակիչներին: «2011 թ.-ին հիվանդանոցում ընդունել ենք շուրջ 1250 ծնունդ: Կանանց կոնսուլտացիայում սպասարկվել են շուրջ 1320 հղի կին, իսկ ծննդատանը` 17 376 ամբուլատոր և 2583 ստացիոնար հիվանդ: Մեզ մոտ են գալիս նաև մարզի հեռավոր բնակավայրերից: Մասնագետների նկատմամբ վստահությանը գումարվում է նաև պայմանների բարվոք լինելու փաստը»,- իր նկատառումներն է հաղորդում հիվանդանոցի գլխավոր բժիշկ Լարիսա Մադոյանը:
Ընթացքում են քանդման աշխատանքները: Ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրական համակարգերը, ինչպես նաև հատակը, դռներն ու լուսամուտները կփոխարինվեն նորերով: Սանհանգույցները կվերակառուցվեն և կհամապատասխանեցվեն ներկա պահանջներին: Կտեղադրվեն հակահրդեհային և օդափոխության համակարգեր:
«Տեղամասերում ծննդատան բուժաշխատողների բացատրական աշխատանքների արդյունքում բարելավվել է 30-60 տարեկան տարիքային խմբի կանանց հաճախումները հիվանդանոց: Նրանց համար անվճար իրականացվում են անհրաժեշտ բոլոր լաբորատոր հետազոտությունները, այդ թվում` գերձայնային հետազոտություն, կրծքագեղձերի զննում: Նորագոյացությունների առաջացման վտանգի հայտնաբերման դեպքում հիվանդն անցնում է բուժման կուրսեր, որոնց շնորհիվ հիմնականում կանխվում է անցանկալի հիվանդությունների հետագա զարգացումը: Սա մեզ համար մեծ ձեռքբերում է», – հավելում է տիկին Մադոյանը:
«Մենք բարձր ենք գնահատում հիվանդանոցի նկատմամբ այս հետևողական հոգատարությունը և մեր շահառուների անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ատենապետ Անդրանիկ Սիրինյանին և Նիկողոսյանների ընտանիքին»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:









































