Չինովնիկների խոշոր ծախսերն ու դրանց օրինականությունը հասանելի կլինեն սահմանափակ թվով մարդկանց, և այդ տեղեկությունը կարող է դասվել պետական գաղտնիքների թվին: Այս մասին այսօրվա իր համարում գրում է «Վեդոմոստի» թերթը` հղում անելով պետական պաշտոնյաների ծախսերի վերհսկման օրինագծին:
Թերթի տվյալներով` ծախսերը վերահսկելն առաջվա պես պետք է կատարեն այդ նույն օրգանները, սակայն ներկայումս եկամուտները ստուգում են կադրային ծառայությունները:
Ծախսերի հրապարակումը պետք է պարտադիր լինի միայն կառավարության անդամների համար, մյուս քաղծառայողների համար դա պետք է կատարվի միայն իրավապահ մարմինների և պետական հիմնադրամների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և համառուսական ԶԼՄ-ների գրավոր, ոչ անանուն տեղեկատվության տրամադրման դեպքում:
Օրենքից ենթադրվում է, որ հայտարարության հեղինակները կարող են և չիմանալ, թե պետական պաշտոնյաները ինչ կերպ են հիմնավորել իրենց ծախսերը:
Եթե հետաքննության արդյունքում պարզվի, որ պետական ծառայողի ծախսերը չեն համընկնում նրա եկամուտների հետ, ապա նյութերը պետք է հանձնվեն դատախազությանը և իրավապահ մարմիններին: Վերջիններս էլ պարտավոր են դիմել դատարան` նրանց ունեցվածքը բռնագանձելու համար, եթե ունեցվածքի ձեռքբերումը հիմնավորված չէ:
Մարտին 13-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ համաձայն օրինագծի` չինովկիները պարտավոր են բացատրել իրենց դրամական միջոցների ծագումը գնումների համար, որոնց արժեքը եռակի գերազանցում է ընտանիքի տարեկան եկամուտը: Նրանք, ովքեր չեն կարողանա հիմնավորել գումարի ծագումը, պետք է հեռացվեն, իսկ գնումները` առգրավվեն:
Նրանք քրեական պատասխանատվության կենթարկվեն միայն այն դեպքում, եթե հաջողվի ապացուցել միջոցների անօրինական ծագումը: Հակառակ դեպքում նրանց համար կգործի անմեղության կանխավարկածը:
Օրինագծի վրա աշխատանքը նախատեսվում է ավարտել մարտի 22-ին:








































