«Հրապարակ»-ը գրում է, որ Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարից հետո դժգոհություններ են հասունացել ՀՀԿ երիտթևում:
«Բարձր դիրքերում հայտնված նախկին երիտասարդ ՀՀԿ-կանները սկսել են առաջ քաշել յուրայիններին, ինչը բողոքի տեղիք է տվել: Բանն այն է, որ համագումարում ՀՀԿ խորհրդի կազմում երիտթևի քվոտայով ընդգրկվել են մի քանի երիտասարդներ, որոնց հովանավորում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Աժ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի հավերժ ղեկավար Կարեն Ավագյանը:
Նրանց մեջ են Աշոտյանի սանիկ Հովհաննես Գաբրիելյանը և Կարեն Ավագյանի մոտիկները, որոնք, ըստ ՀՀԿ-ականների, չեն փայլում ո՛չ իրենց ակտիվությամբ, ո՛չ էլ ինտելեկտով: Խորհրդի անդամների այսօրինակ ընտրությունից դժգոհ երիտասարդները, մեր հավաստի աղբյուրների համաձայն, պատրաստվում են առաջիկա օրերին Սերժ Սարգսյանին նամակ գրել` պատռելով երիտթևի նախագահ Կարեն Ավագյանի դիմակը և ՀՀԿ նախագահին ներկայացնել նրա ինքնագործունեությունը:
Ասում են` նամակը շատ կտրուկ է լինելու, ընդհուպ գիտությունների դոկտոր Կարենին երիտթևի առաջնորդի պաշտոնից հեռացնելու պահանջը»,- հավելում է թերթը:









































