Հոնգկոնգի բնակիչներին արգելել են հերթեր գոյացնել քաղաքի միակ Apple Store խանութի մոտ: Հոնգկոնգցիները սպասում են երրորդ սերնդի iPad–ի վաճառքին:
Արգելքի մասին հաղորդվում է հայտարարություններում, որոնք փակցված են Միջազգային ֆինանսական կենտրոնում (Apple Store խանութը հենց այստեղ է գտնվում): Չի թույլատրվում հերթ գոյացնել և նույնիսկ խանութի մոտ կանգնել:
Նրանց, ովքեր ցանկանում են առաջիններից մեկը ձեռք բերել սարքը, խորհուրդ է տրվում նախօրոք գրանցվել Apple կայքում և պատվիրել այն: Կայքը կաշխատի մարտի 15-ից, իսկ հաջորդ օրը iPad-ը կներկայացվի խանությում:
The Next Web-ը նշում է, որ հերթի արգելքը հնարավոր է ուղղված լինի վերավաճառողների դեմ, որոնք առաջին օրը ձեռք են բերում սարքավորումը, իսկ հետո ավելի թանկ վաճառում են:
Մեկ այլ վարկածի համաձայն՝ նման արգելք դրվել է Միջազգային ֆինանսական կենտրոնի կողմից, որովհետև այդ հերթերը խանգարում են մյուս հաստատությունների աշխատանքին:
Չնայած արգելքին՝ որոշ գնորդներ խանութից ոչ հեռու վրան են դրել և սպասում են վաճառքին:









































