Թուրքական Haberler.Com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր ելույթ ունենալով իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժողովում՝ անդրադարձել է մի շարք խնդիրների.
«Մենք դատապարտում ենք Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած սպանդը: Երեկ Իսրայելը Գազայի հատվածում դաժանաբար սպանել է մեր 23 պաղեստինցի եղբայրներին: Աֆղանստանում սպանվել են 17 գյուղացիներ: Ես ցավակցում եմ թե՛ պաղեստինցի, թե՛ աֆղան շեհիթների (նահատակ) հարազատներին:
Իսրայելը պետք է դադարեցնի ահաբեկչությունը: Իսրայելի քաղաքացիները պետք է լուռ չմնան և դատապարտեն իրենց կառավարության կողմից պաղեստինցի մուսուլմանների նկատմամբ իրագործված ցեղասպանությունը: Իսրայելի ժողովուրդն անձամբ է տուժել ցեղասպանությունից: Թուրքիան մշտապես աջակցելու է իր պաղեստինցի եղբայրներին, որոնք պաշտպանում են իրենց հայրենի հողերը»:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ կապված՝ Էրդողանը հայտարարել է, որ նա «սկսել է» ավելի ագրեսիվ պահվածք դրսևորել՝ ընդգծելով, որ Սարկոզին «ղեկավարվում» է իսլամատյացների կողմից:
Սիրիայի հետ կապված՝ Էրդողանը նշել է, որ պետք է վերջ դնել այդ երկրում շարունակվող արյունահեղությանը՝ ընդգծելով, որ ապրիլի 2-ին Ստամբուլում կայանալու է Սիրիայի բարեկամների խմբի երկրորդ կոնֆերանսը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը չէր բացառել, որ Ստամբուլի այդ կոնֆերանսին մասնակցելու հրավեր կարող է ստանալ Նիկոլա Սարկոզին: Չի բացառվում նաև, որ կոնֆերանսում Ֆրանսիան ներկայացնի արտգործնախարար Ալեն Ժյուպեն:









































