Եգիպտոսի խորհրդարանը, որտեղ գերակշռում են իսլամիստները, երկուշաբթի օրը կողմ է քվեարկել Իսրայելի դեսպանին Կահիրեից հեռացնելուն և դեպի Իսրայել գազի արտահանումը դադարեցնելուն։
Associated Press-ը հաղորդում է, որ այս քայլը բավական խորհրդանշական է, քանի որ միայն ռազմական խորհուրդը կարող է նման որոշումներ կայացնել և, ամենայն հավանականությամբ, այսպիսի քվեարկությունը չի ազդի Եգիպտոսի և Իսրայելի հարաբերությունների վրա: Բայց, այնուամենայնիվ, նման քայլն ազդանշան է, որ Եգիպտոսում փոփոխություններ են նկատվում իշխանությունից Հոսնի Մուբարաքի հեռացվելուց հետո:
Քվեարկությունից հետո պալատի արաբական գործերով զբաղվող կոմիտեի ներկայացրած զեկույցում ասվել է, որ Եգիպտոսը երբեք չի լինի Իսրայելի ընկերը, գործընկերը կամ դաշնակիցը: Զեկույցում Իսրայելը նկարագրվել է որպես Եգիպտոսի «համար մեկ թշնամի»:
Իսրայելից դեռևս մեկնաբանություն չի եղել Եգիպտոսի Ժողովրդական ժողովի քվեարկության վերաբերյալ, որը Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատն է:








































