«168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է թիվ 4 ընտրատարածքում (Երևանի Արաբկիր համայնքում): Սաթիկ Սեյրանյանը որևէ կուսակցության անդամ չէ, սակայն չի բացառվում, որ ընտրություններում քաղաքական որևէ ուժ կամ դաշինք կսատարի իրեն:
Ըստ ամենայնի թիվ 4 ընտրատածքում Սաթիկ Սեյրանյանի մրցակիցը կլինի SAS խանութների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը: Նախապես հայտարարվել էր, որ Արտակ Սարգսյանի թեկնածությունը այս ընտրատարածքում պաշտպանելու է իշխող ՀՀԿ-ն, սակայն Սաթիկ Սեյրանյանի առաջադրումից հետո, չի բացառվում, որ այս ընտրատածքում ՀՀԿ-ն պաշտոնապես որևէ թեկնածուի չաջակցի:
Նախնական տեղեկություններով, այս ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն են հայտնել նաև Միացյալ աշխատավորական կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը և Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ, նախկին քաղբանտարկյան Սուրեն Սիրունյանը:







































