Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Ահմադ Վահիդիի ու Սաֆար Աբիևի հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի է ունեցել ընդլայնված կազմով: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունները և տարածաշրջանում առկա իրավիճակը: Վահիդին ընդգծել է, որ Իրանն ու Ադրբեջանը կրոնական, պատմական ու մշակութային տեսանկյուններից շատ սերտ երկրներ են և ունեն ընդհանուր ծովային ու ցամաքային սահմաններ:
Աբիևն իր հերթին խոսել է մարտի 7-ին Նախիջևանում տեղի ունեցած Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից: Նա հավելել է, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են նորմալ հունով:
Ակնկալվում է, որ Աբիևին այսօր ընդունելու է նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:








































