Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, բանակային ծովակալ (հատուկ կոչում թուրքական զինված ուժերում) Մուրաթ Բիլգելը ԱՄՆ ռազմածովային ակադեմիայի (USNI) Proceedings ամսագրին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է թուրքական նավատորմի առաջիկա 20 տարիների պլանին.
«Մեր նպատակը լավ ուսուցված անձնակազմ ունեցող, լավ սպառազինված, ռազմավարական հեռավորություններում մոբիլ նավատորմ ունենալն է: Առաջիկայում մենք պլանավորել ենք նավատորմը համալրել նոր բազմաֆունկցիոնալ ֆրեգատներով, օդային փոխադրման միջոցներով, ուղղաթիռներով ու ինքնաթիռներով, սուզանավերով:
Բացի այդ, մենք պլանավորում ենք ունենալ ավիակիր, որն իր ինքնաթիռներով ու ուղղաթիռներով կմասնակցի ՆԱՏՕ-ի միջազգային օպերացիաներին: Դրանում կարող են տեղակայվել ԱՄՆ-ից ստացվելիք F-35 տիպի 100 կործանիչներն ու բրիտանական «Հարիեր»-ները (ուղղահայաց վայրէջքով):
Այդ ավիակիրն ունենալու է 140 մետր երկարություն և 24,000 տոննա քաշ: Ավիակրի կառուցման նախագիծը գնահատվում է 1.5 միլիարդ դոլար: Այն կառուցվելու է 5 տարվա ընթացքում և փորձարկումներից հետո՝ 6-7 տարի անց, կհանձնվի շահագործման»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական Takvim օրաթերթին տված հարցազրույցում անվտանգության և ռազմական հարցերով ամերիկացի հայտնի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը հայտարարել էր, որ Թուրքիան տարածաշրջանային ուժ դառնալու համար կարևոր քայլեր է ձեռնարկել ռազմական ոլորտում, սակայն տվյալ ոլորտում Թուրքիայի համար միակ թերի կողմն այն է, որ նա ցայժմ չունի ավիակիր:










































