Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Սինջանի ծանր հանցագործությունները քննող առաջին դատարանը մերժել է Հրանտ Դինքի ընտանիքի ներկայացրած հայցը:
Դրանում Դինքը ընտանիքն իր բողոքն էր հայտնում Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) երկու աշխատակիցների դեմ հետաքննությունը կասեցնելու վերաբերյալ Անկարայի դատախազության ընդունած որոշման կապակցությամբ:
Սինջանի ծանր հանցագործությունները քննող առաջին դատարանն իր տվյալ որոշումը պայմանավորել է համապատասխան ապացույցների բացակայությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դինքի ընտանիքը դիմել էր Անկարայի դատախազություն՝ պահանջելով հետաքննություն սկսել MIT-ի երկու աշխատակիցների նկատմամբ, որոնք 2004 թվականի փետրվարի 24-ին Դինքին կանչել էին Ստամբուլի նահանգապետարան և սպառնացել էին նրան, թե՝ «Գրածներիդ ուշադրություն դարձրո´ւ»:
Դրանից առաջ Դինքը բարձրաձայնել էր Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչենի հայկական արմատներ ունենալու մասին՝ ընդգծելով, որ նրա իսկական անունը Հաթուն Սեբիլջիյան է: