Քաջարանի գյուղական համայնքի ղեկավար Ռաֆիկ Աթայանը բաց նամակով դիմել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որը ներկայացնում ենք ստորև.
Հարգելի պարոն Ծառուկյան,
երեք տարի առաջ Դուք ընդառաջեցիք մեր համայնքի բնակիչների խնդրանքին և 4 մլն դրամ հատկացրիք գյուղի Սբ. Հակովբ եկեղեցու վերանորոգմանը, ինչի համար կրկին շնորհակալություն եմ հայտնում քաջարանցիների անունից:
Գյուղն ունի ևս մեկ խնդիր, որի լուծման համար աջակցության կարիք ունենք: Քաջարան քաղաքից մինչև գյուղ ընկած ճանապարհի 1.5 կմ հատվածը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: Տարիներ շարունակ ոչինչ չի արվել այն կարգի բերելու համար: Փորձել ենք այդ ճանապարհի նորոգումը մտցնել պետական ծրագրերի մեջ, բայց չի հաջողվել:
Հիմա Ձեզ ենք խնդրում՝ օգնեցեք սահմանային մեր գյուղին, եթե կարող եք, վերանորոգելու գյուղի անմխիթար ճանապարհը:
Քաջատեղյակ լինելով Ձեր բարեգործական ձեռնարկումների մասին, որոնք իրականացնում եք հանրապետության համարյա բոլոր բնակավայրերում, վստահ ենք, որ Դուք այս անգամ ևս կհարգեք Քաջարան գյուղի բնակիչների անունից ներկայացվող այս խնդրանքը և առաջիկայում կլուծեք գյուղի ճանապարհի հիմնանորոգման հարցը:









































