Քաջարան գյուղական համայնքի ղեկավար Ռաֆիկ Աթայանը հայտատարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, որ Քաջարան գյուղի շուրջ իրադարձություններն այնքան սրընթաց են զարգացել, որ ինքն ստիպված է ևս մեկ անգամ հանդես գալ հայտարարությամբ՝ ակնկալելով Հայաստանի բնակչության աջակցությունը՝ սահմանային գյուղի լինել-չլինելու համար մղվող պայքարում:
Ռ. Աթայանը ահազանգում է, որ վերջին օրերին ավելի ինտենսիվ են դարձել Քաջարան գյուղի բնակիչների հանդեպ կիրառվող սպառնալիքները: Մասնավորապես՝ ծագումով Քաջարան գյուղացի Ալիկ Դավթյանը, ով Մաքսիմ Հակոբյանի տեղակալն է և ում Քաջարանում Մելիք Ֆրանգյուլ են անվանում հայրենի գյուղին դավաճանելու համար, կանչել է կոմբինատում աշխատող համագյուղացիներին և սպառնացել, թե հրաժարվեք պայքարից, մի’ խառնվեք այդ ամենին, թե չէ աշխատանքից կհեռացվեք:
Ըստ Աթայանի` նույն սպառնալիքներով է զբաղվում հանքի ղեկավարությունը՝ հանքի պետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, ով տնօրենի եղբայրն է:
«Հակաքաջարանյան իր ծրագրերում ավելի ագրեսիվ ու անհավասարակշիռ է դարձել Մաքսիմ Հակոբյանը, ով հայտարարում է, թե չի ճանաչում Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին: Հավանաբար, ճիշտ է ասում կոմբինատի տնօրենը. նրա հիշողության հետ վերջին շրջանում ինչ-որ արտառոց բաներ են կատարվում: Բայց ուզում եմ նրան օգնել, որպեսզի հիշի-վերհիշի Քաջարանի գյուղապետին:
Ռաֆիկ Աթայանն այն գյուղապետն է, ում հետ մեկ տարի առաջ հանգուցյալ Յուզիկ Համբարձումյանի միջոցով բանակցում էր գյուղի վիճարկվող տարածքն իր անունով սեփականաշնորհելու, որից հետո այդ տարածքը վարձակալությամբ կոմբինատին տալու շուրջ:
Ռաֆիկ Աթայանն այն գյուղապետն է, ումից վերջին տարիներին անընդհատ խնդրում էր 300-500 հա արոտավայր՝ 25 տարի վարձակալությամբ՝ ոչխարի իր հոտերը պահելու համար: Ռաֆիկ Աթայանն այն գյուղապետն է, որ մերժեց բոլոր այդ առաջարկները և զսպեց նրա ախորժակը: Ռաֆիկ Աթայանը չթողեց, որ նա մեր դարավոր գյուղը պղծի, թեև ձեռքին կար կառավարության որոշումը:
Հիմա հիշեցի՞ք Ռաֆիկ Աթայանին, եթե ոչ, ապա նոր փաստեր կբերեմ, որոնք կարթնացնեն ձեր խամրած հիշողությունը:
Այսօր ուզում եմ հրապարակավ զգուշացում անել Մաքսիմ Հակոբյանին՝ հետ քաշեք ձեր անմաքուր ձեռքերը Քաջարան գյուղից: Եթե ձեզ, այնուամենայնիվ, հաջողվի ավերել մեր գյուղը, ապա դուք կամ ձեր սերունդները երբևէ կարժանանաք քաջարանցիների վրեժխնդրությանը, ինչը, անկախ մեր կամքից, անխուսափելի կդառնա: Քաջարանը դարեր ի վեր հետ է մղել թուրք նվաճողներին:
Քաջարանը պատրաստ է հետ մղել նաև մերօրյա նվաճողներին, ովքեր օտարից ավելի դաժան են: Հեռու մնացեք մեր գյուղից և փող աշխատելու այլ ձև գտեք:
Տեղյակ եմ պահում Քաջարանի խնդրով բոլոր հետաքրքրվածներին, որ ՀՀ նախագահը դեռևս չի պատասխանել մեր՝ ս.թ. մարտի 5-ի նամակին:
Տեղյակ եմ պահում նաև, որ Տիգրան Սարգսյանը, դատելով նրա հետ մարտի 3-ին ունեցած զրույցից, վճռական է տրամադրված գյուղը վերացնելու և հանքարդյունաբերությանը ծառայեցնելու հարցում:
Որերորդ անգամ հայտարարում եմ՝ մեզ՝ քաջարանցիներիս համար միանգամայն անընդունելի է հոգևոր, մշակութային արժեքների, սրբությունների դիմաց փոխհատուցում ստանալն ու այդ թեմայի շուրջ բանակցելը:
Մեզ համար գոյություն ունեն արժեքներ, որոնք վեր են ամեն տեսակ փոխհատուցումից: Դա մեր սահմանային գյուղն է՝ հազարից ավելի ննջեցյալներ ունեցող գերեզմանոցով, Մեծ հայրենականում զոհված քաջարանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանով, 17-րդ դարում կառուցված Սբ Հակովբ եկեղեցիով:
Մենք մինչև վերջ պայքարելու ենք այդ արժեքները զավթիչներից պաշտպանելու համար»,- նշված է Քաջարանի գյուղապետի հայտարարության մեջ:








































