Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին դադարեցրել է իր այցը ԱՄՆ և արագ վերադարձել Բեյրութ: Երեկ «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ Լիբանանի կոալիցիոն կառավարությունը «Հիզբոլահի»` կառավարությունից դուրս գալու պատճառով դադարեցրել է իր աշխատանքները: Նախորդ օրը «Հիզբոլլահ» կուսակցությունից 11 նախարարները հայտարարել էին, որ դուրս են գալիս ազգային միաբանության կառավարությունից, ինչն էլ փաստացի նշանակում էր կառավարության ցրում: «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Հարիրին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո անմիջապես գնացել է օդանավակայան:
Լիբանանում քաղաքական ճգնաժամի պատճառը տարաձայնություններն է Սիրիայի և Իրանի կողմից հովանավորվող ու «Հիզբոլահի» գլխավորությամբ գործող ընդդիմության և Արևմուտքի աջակցությունը վայելող Սաադ Հարիրիի ղեկավարած կոալիցիայի միջև: Այս ուժերի միջև տարաձայնությունները ծագել են Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հետաքննության շուրջ, որն իրականացնում է ՄԱԿ-ի կողմից ստեղծված հատուկ դատարանը։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ դատարանը շուտով կհրապարակի իր որոշումը, ինչը լուրջ ճգնաժամ է առաջացնելու երկրում, քանի որ դատարանն այս հանցագործութան համար մեղադրելու է հենց «Հիզբոլահին»: