Ներքին Չարբախի 1-ին փողոցից դեպի Արարատի մարզի Նորաբաց գյուղ տանող ճանապարհին գտնվող խորտկարանը, որտեղ 2 օր առաջ ուշ երեկոյան սպանվել էր 30-ամյա Վարդան Վարդանյանը, այսօր փակ է, և ինչպես խոսում են տեղաբնակների շրջանում, մոտակա ժամանակներում այն դժվար էլ բացվի:
Չարբախի այն փողոցը, որտեղ բնակվում էր 30-ամյա տղամարդը, այսօր սև ժապավեններով էր փակված` մանկահասակ երեխա ունեցող երիտասարդի մահվան լուրն ազդարարող: Այսօր Վարդան Վարդանյանի թաղման արարողությունն էր տեղի ունեցել, իսկ Ներքին Չարբախի բնակիչները, ովքեր շտապում էին Վարդանի թաղմանը, վստահեցնում էին, որ երկինքն էլ այս պահին երիտասարդի մահն է սգում:
«Առաջին լրատվականը» փորձեց տեղաբնակների հետ խոսակցությունների միջոցով հասկանալ, թե սպանության ինչ դրդապատճառներ ուներ մարտի 10-ի ուշ երեկոյան որսորդական զենքով նախկին կնոջ եղբորը սպանած Յուրի Թադևոսյանը, ով նաև հրազենային վնասվածք էր հասցրել մահացողի կնոջ եղբորը` Դավիթ Բաղդասարյանին: Խորտկարանի մոտակայքում գտնվող 97 համարի երթուղային վերջին կանգառում կայանված մեքենաներից մեկի վարորդը մեզ հետ զրույցում պատմեց, որ Վարդան Վարդանյանը սպանվել է հենց իրեն պատկանող խորտկարանում, որն այդ շրջանում հայտնի է «Վարդանի օբյեկտ» անունով: «Վարդանը խելոք տղա էր, իր չարչարանքով էր խորտկարանը կառուցել, այդ հարբեցողն ինչ դրդապատճառներ պետք է ունենար երիտասարդին սպանելու համար, ընտանեկան կոնֆլիկտներ են միայն եղել»,- պատմում էր վարորդների մեկը, ում տեղեկություններով վերջին շրջանում Յուրի Թադևոսյանը հաճախ է կռիվներ սարքել նախկին կնոջ տան մոտ, անգամ սեփական որդու վրա է վերջերս դանակ բարձրացրել, ով ապրում է նախկին կնոջ հետ:
Իսկ սպանությունը բնակիչների համոզմամբ` նա կատարել է խմիչքի ազդեցության տակ, քանի որ վերջին շրջանում նրան սթափ վիճակում քչերն են տեսել:
Հիշեցնենք, որ ըստ Ոստիկանության լրատվական ծառայության տարածած տեղեկատվության` մարտի 9-ին, ժամը 22.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ներքին Չարբախի 1-ին փողոցից դեպի Արարատի մարզի Նորաբաց գյուղ տանող ճանապարհին գտնվող խորտկարանից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թ. ծնված Վարդան Վարդանյանը և 1988. ծնված Դավիթ Բաղդասարյանը: Ժամը 23.45-ին Վարդան Վարդանյանը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի կրակված 7 պարկուճ:
Նույն օրը, ժամը 22.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Յուրիկ Թադևոսյանը և խոստովանել, որ ժամը 22.10-ի սահմաններում Ներքին Չարբախ թաղամասում գործող խորտկարաններից մեկում իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է իր աներորդի Վարդան Վարդանյանի և վերջինիս աներորդի Դավիթ Բաղդասարյանի ուղղությամբ, որից հետո խորտկարանի դիմաց կայանված, Վարդան Վարդանյանին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հեռանալով դեպքի վայրից` ներկայացել Մալաթիայի բաժին:
Յուրիկ Թադևոսյանը ներկայացրել է իր անվամբ հաշվառված «Բայկալ» տիպի որսորդական հրացանը` առանց փամփուշտների:
Հրացանն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:








































