ՍԴՀԿ-ն մեղադրում է Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարարությանը և Աղվան Հովսեփյանին՝ ասելով, որ նրանք խոչընդոտում են ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` ներկայացնելով ՍԴՀԿ շուրջ ծավալված ապօրինի գործընթացները:
Նա նշեց, որ կուսակցությունն այսօր շատ բարդ խնդրի առջև է կանգնած: «Մեկ ամիս առաջ նամակ ենք ստացել այն մարդկանցից, ովքեր հեռացված են կուսակցությունից՝ իբրև կանոնադրական փոփոխություններ են եղել, ընտրվել է նախագահ, և այժմ պետռեգիստրում գրանցվելուց հետո պահանջում են արխիվը, կնիքը և այլն: Զարմանալի է, որ պետռեգիստրում գրանցել էին մարդկանց, ովքեր կապ չունեն կուսակցության հետ:
Մեր անունից կեղծ հայտարարություն էր տարածվել թերթերից մեկում՝ իբր թե հունվարի 28-ին տեղի է ունեցել ՍԴՀԿ հերթական համագումարը, որից մենք տեղյակ չենք. համագումարի մասին որոշում կարող է կայացնել կառույցի կենտրոնական վարչությունը: Պետռեգիստրում այս խնդրին ծանոթ էին, քանի որ նախորդ տարի ևս պետռեգիստրում նման փորձ արվել է»,- մանրամասնեց կուսակցության ատենապետը` հավելելով, որ իրենք գնացել են պետռեգիստր և պարզել, որ օրենքում փոփոխություններ են կատարվել։ Համաձայն այդ փոփոխությունների՝ համագումարի արձանագրությունն այլևս չի կնքվում, այսինքն` կարող ես արձանագրություն ներկայացնել պետռեգիստր, ասել, թե համագումար է տեղի ունեցել, որի ժամանակ նոր ատենապետ է ընտրվել:
Նրա խոսքով` պաշտոնական գործող կուսակցության անունից հայտարարություն է արվել, և կուսակցության դեմ միտումնավոր քայլեր են կիրառում:
Անդրադառնալով ձեռնարկված քայլերին` Լ. Սարգսյանն ասաց, որ բողոքներ են ներկայացրել ոստիկանություն, սակայն վերջինս չի կասեցրել այդ գործընթացը: Նրանք դիմել են նաև արդարադատության նախարարություն` ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստերը, սակայն դարձյալ ապարդյուն:
«Արդարադատության նախարարությունը պետք է այդ խնդիրը լուծեր, մենք երկրորդ նամակն ենք ուղարկել՝ պահանջելով հարցը քսանօրյա ժամկետում լուծել, քանի որ դաշինքներ կազմելու խնդիրներ ունենք: Ես կարծում եմ, որ միտումնավոր են փորձում ձգձգել խնդրի լուծումը, որպեսզի ընտրությունների շեմին մենք դաշինքներ չկազմենք:
Ես պատրաստել եմ մի նոր հայտարարություն, որտեղ մեղադրանք եմ առաջադրում Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարարությանը և Աղվան Հովսեփյանին: ԿԸՀ նույնպես հայտարարություն ենք ուղարկել՝ հայտնելով, որ ապօրինաբար «նոր ատենապետ» է ընտրվել»,- մեկնաբանեց բանախոսը։ Նա հավելեց, որ կուսակցության նպատակը գալիք ընտրություններին ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելն է, ինչը խոչընդոտում են:








































