«Սա առաջին քայլն է, որը հետագայում կզարգանա և կբերի Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության»,- ասաց Ա. Բաբլոյանը:
Ըստ նրա` աշխարհում կիրառվում է 3 մոդել` բիսմարկյան, երբ հավաքագրվում են նպատակային գումարներ հենց բժշկական ծառայության համար (ներդրված է Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Բելգիայում), մյուս մոդելը ծրագրերի՝ պետբյուջեից ֆինանսավորումն է (Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա), և խառը մոդել, երբ բժշկական ապահովագրության հետ միասին պետբյուջեից հատկացվում են միջոցներ, քանի որ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը բավականին ծախսատար է և մեծ բեռ՝ մարդկանց ու տնտեսության վրա:
«Մինչև վերջերս մեզ մոտ ֆինանսավորումը կատարվում էր պետբյուջեից, այն էլ՝ որոշ ծրագրերի շրջանակներում: Բժշկական ապահովագրությունը կրում էր կամավոր բնույթ, առանձնապես ծավալ չկար, թեև զարգացման միտում կար»,- նշեց Ա. Բաբլոյանը:
Ա. Բաբլոյանը վստահություն հայտնեց, որ ապահովագրության ներդրումը, միանշանակ, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը համակարգում:
«Առաջին լրատվական»-ի հարցին` դա կբացառի՞, որ բուժաշխատողը հիվանդից կանխիկ գումար պահանջի, Ա. Բաբլոյանը պատասխանեց՝ եթե բուժաշխատողները պահանջեն մեկ, երկու անգամ, և դեպքերը հաճախակիանան, դժգոհություն կառաջանա, ու մարդիկ նախ՝ չեն գնա այդ հիվանդանոց, և ապահովագրական ընկերությունը կօգտվի այն բուժհաստատությունից, որտեղ կողմնակի գումար չեն պահանջի:








































