EADS ընկերությունը, որն արտադրում է Airbus ինքնաթիռները, ինչպես նաև 6 այլ ավիաընկերություններ, նամակով դիմել են ԵՄ 4 երկրների ղեկավարներին, որում քննադատության են ենթարկել ածխաջրածնային նոր հարկի սահմանումը: Նամակի տակ ստորագրած ավիաընկերություններն են Britsi Airways-ը, Virgin Atlantic-ը, Air France-ը, Air Berlin-ը, Iberia-ն:
Նամակները հղվել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իսպանիայի ղեկավարներին: Նամակի հեղինակները զգուշացնում են, որ նոր հարկի սահմանումը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ` հանգեցնելով միլիարդավոր դոլարների կորստի և հազարավոր աշխատատեղերի կրճատման:
Հիշեցնենք, որ այդ հարկը միտված է ավիաընկերություններին ստիպել կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կքչացնեն արտանետումները մթնոլորտ: Իսկ արտանետումների համար սահմանվում էին քվոտաներ, որոնք ավիաընկերությունները պետք է գնեին:
Մենք տեղեկացրել էինք, որ Չինաստանի կառավարությունը արգելք էր դրել իր ավիաընկերությունների կողմից Airbus տասնյակ ինքնաթիռների գնման պայմանագրի վրա: Շատերն այս քայլը պատասխան համարեցին եվրոպացիներին, քանի որ Չինաստանն այս հարկից ամենաշատը կտուժի` այն պարզ պատճառով, որ ավիաընկերություններն ամենաակտիվներից են Եվրոպայի շուկայում: Այս հարկի սահմանումը քննադատել են նաև ԱՄՆ-ը և Ռուսաստանը:










































