Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը քննադատել է ամերիկյան զինծառայողի արարքն, ով կիրակի օրը կրակել է տարբեր տվյալներով 15-17 խաղաղ բնակիչների վրա: Նախագահն այդ արարքը «կանխամտածված և աններելի սպանություն» է անվանել։ Այս մասին հաղորդում է Рейтер-ը:
Նախագահի խոսքերով՝ ամերիկացի զինվորականի զոհերի թվում են եղել 9 երեխա և երկու կին։
Նա ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից այս միջադեպի առնչությամբ բացատրություն է պահանջել:
«Դա անմեղ քաղաքացիների կանխամտածված սպանություն է, և այն չի կարող ներվել»,- նախագահի խոսքերն է մեջբերում Associated Press-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան՝ Կանդագարի ծայրամասում: Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, հղում անելով տեղի բնակիչներին, ամերիկացին դուրս է եկել ռազմական բազայից և մտնելով խաղաղ բնակիչների տները` գնդակահարել է նրանց: Որոշ տվյալնեով՝ զինծառայողը միայնակ չի գործել, սակայն այս տեղեկությունը հերքել է ԱՄՆ-ի հրամանատարության աղբյուրը:
ԶԼՄ-ները հաղորդել են, որ զինծառայողը ձերբակալված է, կատարվում է հետաքննություն: Աֆղանստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գնդակահարության զոհ է դարձել 15 մարդ: Տեղական մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել են 17 զոհերի և մի քանի վիրավորների մասին:








































