ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Քոֆի Անանը շաբաթ օրը հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ, սակայն քննարկումներում, ըստ էության, մեծ առաջընթաց չի արձանագրվել, որովհետև նախագահը շարունակել է արյունահեղության մեջ մեղադրել ընդդիմադիրներին:
Reuters-ի փոխանցմամբ՝ Անանը շաբաթ օրը առաջարկել է դադարեցնել ընդդիմության և անվտանգության ուժերի միջև առկա հակամարտությունն ու բռնությունները, թույլ տալ, որպեսզի մարդասիրական օգնությունը հասցվի երկիր, ազատ արձակել բանտարկյալներին և սկսել քաղաքական երկխոսություն:
Անանի խոսնակն ասել է, որ «քննարկումները եղել են անկեղծ ու համապարփակ»` ավելացնելով, որ Անանը կհանդիպի Ասադի հետ նաև կիրակի օրը` նախքան Քաթար մեկնելը:
SANA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ասադը հայտնել է, որ Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Անանը պատրաստ էր օգնել`ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Սակայն Ասադը նաև հավելել է, որ ոչ մի քաղաքական երկխոսություն կամ քաղաքական գործողություն հաջողության չի հասնի, քանի դեռ երկրում զինված ահաբեկիչներ կան, որոնք առաջացնում են քաոս ու անկայունություն:






































