Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը շաբաթ օրը հարձակման է ենթարկվել թոշակառուի կողմից, ով յողուրտ է նետել նախարարի վրա: Այս մասին տեղեկացնում է Athens News-ը:
Պատահարը տեղի է ունեցել Համահունական սոցիալիստական կուսակցության հավաքի ժամանակ, որի առաջնորդն է ձգտում դառնալ Վենիզելոսը:
Երբ նախարարը պատրաստվում էր ելույթ ունենալ, ներկա գտնվողներից մեկը նրա վրա է նետել մի տուփ յողուրտ: Նախարարը հանգիստ է վերաբերվել այս ամենին, չնայած այն հանգամանքին, որ մթերքը կեղտոտել է նրա կոստյումը: Փոխելով հագուստը` Վենիզելոսը ելույթ է ունեցել ներկաների առջև:
Նախարարի վրա հարձակվողի անունը հայտնի չէ: Հայտնի է միայն, որ նա սոցիալիստական կուսակցության անդամ է և տեղաշարժվում է հենակներով: Այս կերպ նա ցանկացել է ֆինանսների նախարարին իր բողոքը հայտնել` թոշակները կրճատելու համար:




































