Աբխազիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները: Ժամը 20.00–ին փակվել են բոլոր 174 ընտրատեղամասերը: Ինչպես տեղեկացնում է Interfax գործակալությունը, ընտրական հանձնաժողովը սկսել է հաշվել ձայները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն՝ հանրապետությունում ընտրություններին մասնակցությունը կազմել է 40 %:
Ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցում է ընտրողների 25 %-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խոստանում է նախնական տվյալները հրապարակել կիրակի օրը:
Աբխազիայի խորհրդարանի 35 տեղերին հավակնում են 148 թեկնածուներ:
Տուվալու հանրապետությունից դիտորդ Իսայա Տաապեն հայտարարել է, որ 2012 թ. Աբխազիայի խորհրդարանական ընտրությունները եղել են ազատ և անկախ ու համապատասխանել են միջազգային չափանիշներին: Տաապեն այցելել է 8 ընտրատեղամասեր: Նրան հատկապես զարմացրել է այն փաստը, որ լրագրողներն ազատ մուտք են ունեցել բոլոր ընտրատեղամասերում։








































