Գլխավոր հարցը, որից ներկայումս կախված է խորհրդարանի ընտրությունը Հայաստանի պատմության մեջ «լավագույնը» դարձնելու Սերժ Սարգսյանի խոստումը, այն է, թե արդյոք Հայ ազգային կոնգրեսին կհաջողվի ապահովել իր հասարակական աջակցության մակարդակի այն ծավալը, որ կար մինչև 2008 թվականի հոկտեմբեր, երբ Կոնգրեսը հայտարարեց, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջազգային ճնշումներից խուսափելու հարցում Սերժ Սարգսյանին օժանդակելու համար՝ ի շահ պետության, Կոնգրեսը առժամանակ դադարեցնում է հանրահավաքային շարժումը:
Հետո, մասնավորապես WikiLeaks-ի հրապարակումներից պարզ դարձավ՝ երբ բացահայտվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի և ԱՄՆ դիվանագետների տարբեր զրույցներ, կամ Տեր-Պետրոսյանի զինակիցների և ԱՄՆ դիվանագետների տարբեր զրույցներ, որ Կոնգրեսը իրականում ոչ թե Սերժ Սարգսյանին է փորձել աջակցել ճնշումներից խուսափելու հարցում, այլ պարզապես փորձել է իր խաղը խաղալ Արևմուտքի հետ, ինչը սակայն, ինչպես տեսանք, ունեցավ անփառունակ վախճան և Կոնգրեսը սկսեց արդեն հաջողություն որոնել Ռուսաստանի ուղղությամբ: Դրանից հետո Հայ ազգային կոնգրեսի հանրային վարկանիշը, թեև դեռ WikiLeaks-ի բացահայտումները չէին եղել, սկսեց էապես նվազել:
Բանն այն է, որ չնայած բացահայտումների բացակայությանը, հանրությունն իր վեցերորդ զգայարանով զգում էր, որ ընդդիմությունը դադարում է իր գործողությունները կառուցել հասարակական պահանջարկի և շահի վրա, ու կամաց-կամաց ներքաշվում է քաղաքական հարաբերությունների և խաղերի հորձանուտ, որտեղ հանրությունն իրեն չի տեսնում և զգում: Արդյունքը եղավ այն, որ Հայ ազգային կոնգրեսը բավական անփառունակ կերպով զիջեց իշխանությանը Երևանի Ավագանու ընտրությանը, չնայած այն բանին, որ մոբիլիզացիոն հնարավորին մեծ մակարդակ ապահովելու համար Կոնգրեսի Ավագանու ցուցակը գլխավորեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Իրականում, այդ իսկապես նշանակալից քայլը Կոնգրեսը չկարողացավ ապահովել համարժեք բովանդակությամբ և մնալով առավելապես քաղաքական խաղի տիրույթում՝ չկարողացավ առավելագույն կամ իշխանությանը լուրջ պայքար թելադրելու համար նվազագույն անհրաժեշտ քաղաքացիական մոբիլիզացիա ապահովել:
Հենց այդ ժամանակ էլ սկսեցին հնչել առաջին մեղադրանքները հանրության այն մասին, որը ընտրակաշառք էր վերցնում: Բայց, ընդամենը մեկ տարի առաջ տեղի ունեցած նախագահի ընտրության ֆոնին այդ մեղադրանքները ըստ էության, մեղմ ասած, անհիմն էին՝ նկատի ունենալով այն, որ 2008 թվականի ընտրությանը ընտրակաշառքը, որպես համատարած երևույթ, որևէ էական դեր չխաղաց հասարակության քվեի բաշխման հարցում: Բանն այն է, որ քաղաքացիները 2008 թվականին ի դեմս ընդդիմության և նրա առաջնորդի տեսնում էին ռեալ քաղաքացիական շահի արտահայտում և հստակ քաղաքացիական մեսիջների հասցեագրում, իսկ քաղաքականությունը հանդիսանում էր ընդամենը այդ ամենի արտաքին փաթեթավորումը, ֆորման: Դրա արդյունքն այն էր, որ իշխանությունը, որը 2007 թվականին ընտրակաշառքի և քարոզչական մանիպուլյացիաների միջոցով կարողացել էր ապահովել «լավագույն-1» ընտրությունը, չկարողացավ կրկնել իր «նոու-հաուն» այն արդյունավետությամբ, ինչ մեկ տարի առաջ: Իշխանությունը ստիպված եղավ դիմել կոշտ, բռնի և բռի մեթոդների՝ ցանկալի արդյունք արձանագրելու համար:
Մինչդեռ, դրանից ընդամենը մեկ տարի անց էլ ընդդիմությունը չկարողացավ ապահովել այն, ինչ արեց 2008 թվականին, որովհետև այդ մեկ տարվա ընթացքում, քաղաքացիականն ու քաղաքականը փոխվել էին տեղերով և քաղաքական ֆորմայով քաղաքացիական բովանդակությունը Կոնգրեսը վերածել էր քաղաքացիական ֆորմայով քաղաքական բովանդակության: Հետևանքն այն էր, որ հրապարակային ֆալշը, այսպես ասած, «ծոծրակով զգացող» հասարակությունը, WikiLeaks-ի բացահայտումներից դեռ շատ առաջ հասկացավ, որ իր շահն արդեն գործիք է, ոչ թե նպատակ, ինչն էլ արտահայտվեց նրանով, որ երևանցիների զգալի մասը պարզապես նախընտրեց ընտրակաշառքն ու պասիվ անտարբերությունը՝ 2008 թվականի քաղաքացիական զարթոնքից ընդամենը մեկ տարի անց: Հետո արդեն, WikiLeaks-ը, մեծ հաշվով, ոչ թե բացեց քաղաքացիների աչքը, այլ պարզապես հաստատեց նրանց զգացողությունների իրավացիությունը:
Ներկայումս, երբ իշխանությունը «լավագույն» ընտրության խոստումներ է շռայլում եվրոպացիներին և հայաստանցիներին, ակնհայտ է, որ հույսը հենց ընդդիմության հեղինակության անկումն է, ոչ թե քաղաքացիների վստահությունը շահելու ակնկալիքը: Իշխանությունը, Սերժ Սարգսյանը, շատ լավ է հասկանում, որ քարոզչական մանիպուլյացիաներով և կառավարության նախընտրական պոպուլիստական որոշումներով հնարավոր է հանրության շատ չնչին տոկոսին խաբել կամ բավարարել, մինչդեռ «լավագույն» ընտրության համար դա շատ քիչ է: Սերժ Սարգսյանի և նրա իշխանության հույսն այն է, որ հանրությունը չվստահելով իրենց, չի վստահի նաև ընդդիմությանը՝ մասնավորապես Հայ ազգային կոնգրեսին, որը չնայած իր զգալի անկմանը, ընդդիմության դաշտում դեռ շարունակում է օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով առայժմ մնալ գերակա ուժը: Բայց այդ գերակայությունը այնքան է, որ թույլ կտա հաղթել մյուս ընդդիմադիր ուժերին, բայց ամենևին ոչ իշխանությանը, համենայնդեպս ներկայիս իրադրության, ուժերի և հանգամանքների ներկայիս դասավորության պայմաններում: Ընդ որում՝ Կոնգրեսի համամասնական ցուցակի կազմման գործընթացը այդ առումով ոչ թե լավատեսության, այլ հակառակ մտորումների հիմք է տալիս, քանի որ ըստ էության ցուցակի կազմման ամենադեմոկրատական և քաղաքացիական օրինակը լինելու փոխարեն, Կոնգրեսի ցուցակը հավակնում է լինել ամենաաղմկոտ օրինակը:
Այդ տիրույթում է, որ իշխանությունը փնտրում է իր հնարավորությունը և տալիս խոստումներ ընտրության «լավագույնը» լինելու մասին: Այսինքն՝ իշխանության հույսը Կոնգրեսն է, որն առայժմ, դժբախտաբար, լիովին արդարացնում է այդ հույսը: Կփոխվի՞ արդյոք պատկերը առաջիկա մեկուկես-երկու ամիսների ընթացքում: Հավանաբար, բայց առավել հավանական է, որ պատկերը առայժմ կփոխվի միայն ընդդիմության դաշտում:










































