ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մի տեղացու, որը կասկածվում է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին փոշիով լցված ծրարներ ուղարկելու մեջ։ Ըստ Associated Press-ի՝ 39-ամյա Քրիսթոֆեր Լի Կարլսոնը ձերբակալվել է իր տանը, Հետախուզության դաշնային բյուրոյի և ԱՄՆ Փոստային ծառայությունների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում։
Նա մեղադրվում է սպառնալից հաղորդագրություններ ուղարկելու և կենսաբանական զենք օգտագործելու սպառնալիքի մեջ։ Սակայն հաղորդվում է, որ ծրարներում հայտնաբերված փոշին անվնաս է։
ԱՄՆ կոնգրեսականների վաշինգտոնյան գրասենյակները սկսել են սպառնալից նամակներ և փոշիանման նյութ պարունակող ծրարներ ստանալ 2012 թ. փետրվարի վերջին։ Նամակներում նշվում էր, որ յուրաքանչյուր տասը ծրար պարունակում է վտանգավոր պաթոգեններ։ Դրանց հեղինակը նաև նշել էր, որ ինքը բողոքում է խոշոր կորպորացիաների իշխանավարման դեմ։








































