Սիրիայի կառավարական զորքերն այսօր գնդակոծել են երկրի հյուսիս-արևմուտքում ընկած Իդլիբ քաղաքը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դիտորդներին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Գործակալությունը նշում է, որ Իդլիբի վրա կրակ է բացվել ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի՝ Դամասկոս ժամանելուց մի քանի ժամ առաջ:
Անանն արդեն ժամանել է Դամասկոս: Օդանավակայանում նրան դիմավորել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայզալ Միկդադը:
Քոֆի Անանի առաքելության նպատակն է բանակցություններ վարել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի, արտգործնախարար Վալիդ Ալ-Մուալեմի և ընդդիմության առաջնորդների հետ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնել էր, որ ինքը կոչ է արել Անանին անել հնարավոր ամեն բան՝ երկու հակամարտող ուժերի միջև կրակը դադարեցնելու համար:
Անանի այցի նախօրեին Սիրիայի մի շարք քաղաքներում՝ Դարաայում, Լաթաքիայում, Հոմսում և Հալեպում անցկացվել են հակակառավարական բողոքի ցույցեր, որոնց ընթացքում զոհվել է շուրջ 77 մարդ:










































