ՄԱԿ-ը և սիրիական իշխանությունները պայմանավորվել են ստեղծել մարդասիրական համատեղ առաքելություն՝ երկրի քաղաքացիներին օգնելու համար: Այս մասին հայտարարել է մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Վալերի Ամոսը: «Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել տարածաշրջանում, որտեղ մարդիկ շտապ օգնության կարիք ունեն, մարդասիրական համատեղ առաքելություն իրականացնելու վերաբերյալ»,- հայտարարել է նա:
Այս պայմանավորվածությունը Վալերի Ամոսն անվանել է «առաջին անհրաժեշտ քայլ»: Նրա խոսքերով՝ Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուապլեմի և կառավարության այլ անդամների հետ Դամասկոսում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ Պան Գի Մունի տեղակալն «ընդգծել է իր անհանգստությունը` կապված մարդասիրական իրադրության հետ»: Վալերի Ամոսն այցելել է նաև թուրքական Հաթայ ծայրամաս, որը սիրական սահմանի մոտ է: Այնտեղ նա ծանոթացել է Սիրիայից փախստականների վիճակին: Հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, իսկ անցած շաբաթ հանդիպումներ է ունեցել Լիբանանի և Հորդանանի կառավարությունների հետ։ «Ես 3 կառավարություններին էլ խորհուրդ եմ տվել սահմանները բաց պահել՝ դժվար իրավիճակում գտնվող մարդկանց համար»,- նրա խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
Նա նաև կիսվել է պատերազմական գործողությունների տարածքներից ստացած իր տպավորությունների մասին «Ես ցնցված էի՝ ավերածությունները տեսնելով: Գրեթե բոլոր շինություններն ավերված էին, և այնտեղ շատ քիչ մարդ էր մնացել: Ինձ անհանգստացնում է, թե որտեղ են ապաստան գտել այն մարդիկ, ովքեր ստիպված լքել են Բաբ Ամրոն”:










































