Եթե քաղաքապետարանը չարձագանքի մինչև երեքշաբթի, Մաշտոցի պուրակի ակտիվիստները կսկսեն 24-ժամյա նստացույց: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեղեկություն հայտնեց լուսանկարիչ, բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը`խոսելով Մաշտոցի պուրակի պաշտպանության հետագա անելիքների մասին:
Նա նշեց, որ երեկ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը Մաշտոցի պուրակում կին բնապահպան ակտիվիստների անունից խոսեց` ասելով, որ պատրաստ են ապամոնտաժել կրպակները: «Սակայն մինչև երեքշաբթի ժամկետ ենք տվել կառավարությանը, եթե արձագանք չլինի, մենք 24-ժամյա նստացույց ենք սկսելու, որը կտևի մինչև ուրբաթ օրը, եթե մինչև դա չեղավ ինչ-որ դրական որոշում, մենք մեր ռադիկալ քայլերը կորոշենք, թե ինչ անենք»,- նշեց Ե. Ներսիսյանը:
Նա մտավախություն չհայտնեց, թե ոստիկանությունը բռնի ուժ կկիրառի ակտիվիստների նկատմամբ ապամոնտաժման դեպքում: Նրա խոսքով` եթե կգան կքաշքշեն, կտանեն, թող անեն, բայց ակտիվիստները ցույց կտան, որ իրենք պետք է տեր կանգնեն իրենց իրավունքին:
Ըստ Ե. Ներսիսյանի` քաղաքապետարանը փորձում է ժամանակի վրա հույս դնել, որ ակտիվիստները հոգնեն և գնան, քանի որ այլ պայքարներ ևս ունեն` Թեղուտ, Քաջարան: «Այդ պատճառով մեր ժամանակը պետք է փորձենք մենք տնօրինել, որ հասկանանք, թե ինչ ենք անելու: Դեռ չգիտեմ ինչպես կապամոնտաժենք, հաստատ կրպակները չենք ջարդի, ամենայն հավանականությամբ մասնագետներ կբերենք»,- մանրամասնեց Ե. Ներսիսյանը:
Տեղեկացնենք, որ Մաշտոցի պուրակի «պաշտպանությունը» արդեն մեկ ամիս է, ինչ շարունակվում է: «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունների անդամները, բնապահպանները պայքարում են Աբովյան փողոցից ապամոնտաժված և Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժման համար: Նրանց պնդմամբ` հանրային տարածքում չպետք է տեղադրվեին նման կրպակներ` խախտելով մի շարք օրենքներ:
Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանն ասել էր, որ կրպակների տեղադրման ժամանակ ոչ մի օրենք չի խախտվել, և կրպակները տեղադրված են ժամանակավոր, մինչև «Հին Երևան» ծրագրի իրագործումը:









































