Ռուսաստանը չի կարող հաստատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դրված բանաձևի ամերիկյան նախագիծը այն տեսքով, ինչպիսին այն գոյություն ունի,- հաղորդում է Interfax-ը:
«Մենք չենք կարող համաձայնել բանաձևի նախագծի հետ այն տեսքով, ինչպիսին այն ներկայացված է այս պահին: Քննարկվող բանաձևի տեքստը հավասարակշռված չէ: Գլխավոր խնդիրն այն է, որ բացակայում են բոլոր կողմերին ուղղված միաժամանակյա պահանջները ՝ բռնությունը դադարեցնելու ուղղութամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու հարցում»,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:
Նրա խոսքերով՝ ռուսական կողմը տարբեր աղբյուրներից լսել է, որ իր արևմտյան գործընկերները որոշել են ընդունել բանաձևի այդ նախագիծը ՄԱԿ-ի ԱԽ-ում մարտի 12-ին:
«Մենք նպատակահարմար չենք համարում տեքստի ընդունումը կապել որևէ ժամկետի հետ: Ժամանակի գործոնը մեզ համար գլխավորը չէ: Գլխավորն է գտնել իրատեսական տեքստ՝ առանց երկակիությունների, որն ուղղված կլինի կայուն կարգավորմանը»,- ասել է փոխնախարարը:
Հիշեցնենք, Սիրիայի դեմ նախորդ բանաձևի նախագիծը ՄԱԿ-ի ԱԽ-ն քնարկել է փետրվարի 4-ին, սակայն Ռուսաստանը և Չինաստանը վետո են դրել փաստաթղթի ընդունման վրա:








































