Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը վրացական «Թաբուլա» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը գնալով մոտենում է ՆԱՏՕ-ին անդամակցելուն.
«Ռուսաստանի ղեկավարությունը կարող է ասել այն, ինչ ցանկանում է, սակայն ՆԱՏՕ-ին այս կամ այն երկրի անդամակցության որոշումն ընդունում են նրա անդամ երկրները: Վրաստանը քայլ առ քայլ մոտենում է ալյանսին՝ անկախ նրանից, թե այդ կապակցությամբ ինչ է ասում երրորդ կողմը:
2008 թվականին Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի համաժողովում վճռվել է, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, եթե, իհարկե, նա ցանկանում է դա, և, բնականաբար, եթե համապատասխանի ՆԱՏՕ-ի չափորոշիչներին: Մենք չենք փոխել մեր այդ դիրքորոշումը: Մենք շարունակում ենք աշխատել տվյալ ուղղությամբ, որը կնպաստի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը:
Վերջին տարիներին, այդ թվում՝ նաև 2008 թվականից հետո, Վրաստանն իր ձեռնարկած քայլերի շնորհիվ ավելի է մոտեցել ՆԱՏՕ-ին: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի փոխհարաբերությունների բարելավումը քաղաքական բարենպաստ կլիմա է ձևավորում այնպիսի երկրների համար, ինչպիսին Վրաստանն է»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարեց, որ իրենք չեն փոխել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ իրենց դիրքորոշումը:









































