«Առավոտ»-ի խմբագիրը գրում է.
«Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «ժառանգությունը» (հավանաբար «Ազատ դեմոկրատների» հետ միասին): Մնացած քաղաքական ուժերը, եթե նույնիսկ մասնակցելու են, ապա Աժ-ում հայտնվելու ոչ մի շանս չունեն, ինչպես նաև չունեն դերակատարություն Հայաստանի հասարակական կյանքում:
ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը, որպես խելացի մարդ, դա հասկացել է և իրավամբ որոշել է բախտը չփորձել: Պետք է ենթադրել, որ Արտաշես Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը նույնքան իրատեսական կգտնվեն և կմասնակցեն ընտրություններին ՀՀԿ հովանու ներքո: Բացառված չէ, իհարկե, որ ընտրարշավին կմասնակցեն այլ մանր կուսակցություններ, բայց դա լավագույն դեպքում կլինի քիչ թե շատ հաջողված «բիզնես-նախագիծ»:
Ես շատ կուզենայի, որ սկզբում թվարկած 6 կուսակցություններն էլ հայտնվեն Ազգային ժողովում, ընդ որում` մեկը մյուսի նկատմամբ չունենա շատ մեծ առավելություն` այդպիսով կարող է ստացվել մի վիճակ, որը գոնե մի քիչ նման է ժողովրդավարական երկրներում առկա «զսպումների և հակակշիռների» մեխանիզմին: Ճիշտ է, մեր իրականությունն այնպիսին է, որ դժվար թե առաջիկա խորհրդարանական ընտրությունները նման համակարգի համար նախադրյալներ ստեղծեն:
«Դասական» վիճակից մեզ տարբերում է այն, որ հիշյալ 6 կուսակցություններից 4-ի գաղափարախոսությունը շատերիս համար մշուշի մեջ է:
ՀՀԿ-ն ասում է, որ նա ազգային պահպանողական է, նժդեհական, տարոնական և ցեղակրոն: Ինչ մեղքս թաքցնեմ, ես չեմ հասկանում, թե ինչ է դա նշանակում: Հավանաբար, դիմեմ Ալրաղացի Լյովին կամ Նավոյին, որ ինձ բացատրեն: Նժդեհն, իհարկե, ազգային հերոս է և մի շարք ուշագրավ հրապարակախոսական հոդվածների հեղինակ: Բայց թե ինչ պիտի անեմ ես, որպեսզի «ցեղվեմ», ինչ է ենթադրում այդ գործողությունը` ես չգիտեմ:
Քիչ թե շատ պարզ է, թե որ ուղղությամբ են ուզում տանել երկիրը Դաշնակցությունն ու «Ժառանգությունը»: Մնացածը գերադասում են իրենց դավանած գաղափարների մասին խոսել առավել ընդհանուր խոսքերով:
Մասնավորապես, ՀԱԿ-ն ասում է` քանի որ ներկայիս Հայաստանում բռնապետական ռեժիմ է, բացարձակապես նշանակություն չունի, թե ով ինչ գաղափարախոսություն է դավանում: Երբ ՀԱԿ-ը կգա իշխանության, կհաստատի ժողովրդավարություն, լեգիտիմություն և սահմանադրական կարգ, և ահա դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել գաղափարախոսությունների մասին: Իսկ նրանք, ովքեր չեն հավատում, որ ՀԱԿ-ն ի վիճակի է և, ամենակարևորը` մտադիր է այդ ամենն անել, նա սրիկա է և տականք:
Դա հիշեցնում է խորհրդային շրջանի կատակը` «այնպիսի խաղաղություն կհաստատենք ամբողջ աշխարհում, որ քարը քարին չի մնա»»:









































