ՀՀ կառավարության 18 նախարարություններից միայն երկուսն են գլխավորում կանայք՝ մշակույթի և սփյուռքի նախարարությունները: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ամեն տարի սպասում է մարտի 8-ին և Կանանց միջազգային տոնը, նրա բնորոշմամբ, ամենացանկալիներից մեկն է՝ 30 տարի շարունակ համեմված ծաղիկներով ու նվերներով ամուսնու կողմից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը կանանց ու աղջիկներին մաղթեց անսահման սեր, երջանկություն, խաղաղություն: Այս տոնական օրն իր կնոջ համար նվեր ընտրելիս նախարարը չի առաջնորդվում դրա գնով. «Անակնկալը կապ չունի նվերի գնի հետ: Կարևորը՝ այն ուրախացնի»:
Իսկ ահա առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն իր տիկնոջն ավանդաբար նվիրում է ծաղիկներ և օծանելիք, որն ընտրում է ըստ տուփի ու դրա չափի: «Բոլոր մայրերին, կանանց, աղջիկներին ցանկանում եմ երջանկություն, ուրախություն, ինչ իրենք իրենց մտքում ունեն՝ միշտ կատարվի ու երջանիկ լինեն»,- ասաց նախարարը:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր տիկնոջ համար հատուկ անակնկալներ չի պատրաստում ու նվիրում է ծաղիկներ. «Ճիշտն ասած՝ կինս փորձում է չծանրաբեռնել ինձ, հիմնականում ծաղիկներ եմ նվիրում, բայց մարտի 8 է, կանայք սիրում են նվերներ ստանալ»:









































