Ներկայումս ՀՀ-ում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 300 կազմակերպություների ղեկավար կազմում կանայք շատ քիչ են ներգրավված: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի փոխտնօրեն Ժենյա Ազիզյանը, ոլորտում առաջին, երկրորդ դեմքերի մեջ կանայք 15-20 հոգի են, թեև տասնյակ հազարավոր աշխատողների մեջ, իհարկե, ավելի շատ են:
«Նախասիրության հարց է: Ոլորտն ինքնին մի քիչ խրթին է և կանանց համար խուսափողական: Բայց խանգարող ոչ մի հանգամանք չկա, զուտ նախասիրության հարց է: Չնայած՝ իզուր»,- ասաց Ժ. Ազիզյանը՝ նշելով, որ, ընդհանուր առմամբ, կանայք մաթեմատիկական ուղղվածությամբ այնքան էլ ակտիվ չեն:
Հավելենք, որ ՏՏ ոլորտում զբաղվածների մեջ տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը մոտ 65-70% և 30-35% է՝ համապաստախանաբար: Հատկանշական է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում աշխատող կանանց տոկոսն ավելի բարձր է, քան ԱՄՆ-ում (26.6%), և գրեթե երկու անգամ ավելի բարձր, քան Մեծ Բրիտանիայում (15%):







































