Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի հերթական նիստը: Դրա շրջանակներում Վրաստանն ու ՆԱՏՕ-ն ստորագրել են անվտանգության ապահովման ոլորտում փոխհամագործակցության խորացման մասին նոր համաձայնագիր:
Նիստից հետո Վրաստանի ազգային անվտանգության քարտուղար Գիգա Բոկերիան հայտարարել է, որ այդ փաստաթուղթը շատ կարևոր է Վրաստանի համար, քանի որ նախատեսում է անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության ուժեղացում և Վրաստանի համար գործող սպառնալիքներից վանում:
Բոկերիան կարևորել է կիբերանվտանգության ապահովման հարցը՝ ընդգծելով, որ նախկինում Վրաստանը քանիցս ենթարկվել է կիբերհարձակումների:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը ստեղծվել է 2008 թվականի սեպտեմբերին` որպես քաղաքական խորհրդատվության ու գործնական համագործակցության ֆորում, որը նպաստելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը:









































